Առավելագույնի հասցնել համայնքի կողմից առաջնորդվող ուսումնասիրության նախագծումը Հայաստանում՝ շրջակա միջավայրի պաշտպանության և մարդու իրավունքների առաջխաղացման նպատակով

--

Text by Julia Amiraghian & Shoira Olimova

Photos by Centre for Community Mobilization and Support NGO (CCMS)

Read the article in English.

ՀՀ, Լոռու մարզ, Թումանյան համայնք, Մարց բնակավայր

Մարցը գյուղ է Հայաստանի Լոռու մարզի Թումանյան համայնքում։ Այն գտնվում է Ձորագետ գետի ձախ ափին՝ ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա։ Մոտ 1000 բնակիչ ունեցող գյուղը հայտնի է իր գեղեցիկ բնական շրջակա միջավայրով՝ ներառյալ անտառները, լեռները և գետերը: Մարցը հայտնի է արշավների և բնության սիրահարների շրջանակներում։ Հայտնի է նաև իր պատմական վանքով, որը թվագրվում է 10-րդ դար և կառուցվել է Հայոց թագավոր Սմբատ II-ի կողմից և նվիրվել Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնին: Այն առանձնանում է եզակի ճարտարապետական ​​տարրերով, ինչպիսիք են բարդ փորագրությունները և զարդանախշերը:

Մարցի տեղական տնտեսությունը հիմնականում հիմնված է գյուղատնտեսության վրա, գյուղացիներն աճեցնում են ցորեն, գարի, կարտոֆիլ, լոբի։ Գյուղում տարածված ապրուստի միջոց է նաև անասնաբուծությունն ու թռչնաբուծությունը, շատ տնային տնտեսություններ կով, ոչխար և հավ են պահում: Այնուամենայնիվ, համայնքը բախվում է մի շարք մարտահրավերների, որոնք սպառնում են ժողովրդի բարեկեցությանը, նրանց ապրուստի միջոցներին և շրջակա միջավայրին:

Տեղական զբաղվածության հնարավորությունների բացակայությունը, անբավարար հմտությունները, ինքնադրսևորման ոչ համարժեք հնարավորությունները և երիտասարդների համար մասնագիտական ​​և կրթական հնարավորությունների սահմանափակ հասանելիությունը նպաստում են ապագայի նկատմամբ թերահավատությանը: Համայնքային բյուջեն, որը հիմնականում գոյանում է համայնքի կողմից վճարվող տեղական հարկերից, ինչպես նաև պետության կողմից տրամադրվող դրամաշնորհներից և դոտացիաներից, չեն տրամադրվում համայնքներին սոցիալական ծառայությունների արդյունավետ և համապարփակ իրականացման համար: Բացի այդ, համայնքներում սոցիալ-տնտեսական և էկոլոգիական զարգացման այլընտրանքային նախաձեռնություններին աջակցող դոնոր կազմակերպությունների սակավություն կա: Կան գյուղատնտեսական վարկեր տրամադրող բանկեր, սակայն Մարցի գյուղատնտեսները տատանվում են օգտվել այս վարկերից բարձր տոկոսադրույքների պատճառով: Այս գործոնները նպաստում են արտագաղթին՝ հատկապես երիտասարդների շրջանում, ովքեր հակված են տեղափոխվել մայրաքաղաք կամ մարզկենտրոններ: Այս մարտահրավերները մղում են Մարց բնակավայրին սովորել այլ համայնքներից, թե ինչպես լուծել իրենց զարգացման խնդիրները:

Լինելով փոփոխությունների գլոբալ գործընթացի մաս

Մարտահրավերներն ու խոչընդոտները եզակի են յուրաքանչյուր երկրում: Նմանապես, տարբեր հասարակություններ և կազմակերպություններ ունեն մարտահրավերներին դիմակայելու և դժվարությունները հաղթահարելու իրենց յուրահատուկ մոդելը: Այս պատճառով է, որ Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն ՀԿ-ն (CCMS) միանում է Գլոբալ Շահերի պաշտպանության թիմին (GAT)՝ հանդիպելու այլ երկրների մարդկանց, սովորելու նրանց փորձից և փոխանակվելու էներգիայով և մոտիվացիայով՝ ուժեղացնելու համար տեղական աշխատանքն ու պայքարը: Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն ՀԿ-ի թիմը կարծում է, որ այլ երկրների համայնքային կազմակերպիչների և ակտիվիստների լավագույն փորձը մարդու և շրջակա միջավայրի իրավունքների պաշտպանության և քարոզարշավների հետ կապված կարող է տեղայնացվել Մարցի և ընդհանրապես Հայաստանի տեղական համատեքստին համապատասխանելու համար: GAT-ը նաև դիտվում է որպես համաշխարհային ասպարեզում առկա խնդիրներին և մարտահրավերներին համատեղ արձագանքելու հիանալի հնարավորություն:

«Մենք Գլոբալ Շահերի պաշտպանության թիմի անդամ ենք, որպեսզի համատեղենք մեր ջանքերը թիմի անդամների հետ սոցիալական արդարության համար պայքարում և դասեր քաղենք միջազգային փորձից, ինչպես նաև կիսվենք մեր փորձով: Մեզ համար Գլոբալ Շահերի պաշտպանության թիմի մաս լինելը նշանակում է գլոբալ մակարդակում պատասխանատվություն ստանձնել և շահերի պաշտպանության գործընթացներում և փոփոխություններում մեզ դերակատար զգալ»,- Օլեգ Դուլգարյան։

Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն ՀԿ-ն հիմնադրվել է 2009 թվականին ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում, իսկ Մարցը գյուղ է Լոռու մարզի Թումանյան համայնքում։ Մեր թիմը նպատակ ունի նպաստել Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության, համայնքի զարգացման, միջազգային համագործակցության, երեխաների և երիտասարդության իրավունքների, քաղաքացիական հասարակության, սոցիալական կրթության, ոչ ֆորմալ կրթության, բնապահպանական և մշակութային ոլորտներում մասնակցայինության բարձրացմանը և զարգացմանը:

CCMS-ի Օլեգը և Ջուլիան ներկայացնում են Մարցի՝ համայնքի կողմից առաջնորդվող հետազոտական ծրագրի գետ-նախագիծը Թաիլանդի Չիանգ Մայ քաղաքում հանդիպման ժամանակ

Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն ՀԿ-ն ձգտում է բարձրացնել և խորացնել հայ ժողովրդի իրազեկությունը խնդիրների հանդեպ սեփականության գիտակցման և համայնքային լուծումների շուրջ համախմբվելու վերաբերյալ: Մարց բնակավայրի բնակիչների գիտակցումը, որ իրենք Գլոբալ Շահերի պաշտպանության թիմի մի մասն են, բարձրացնում է նրանց սեփականության, պարտավորվածության և պատասխանատվության զգացումը իրենց համայնքի զարգացումը և դրական փոփոխությունները խթանելու համար։ Համայնքը հուսով է, որ սա մեծ հնարավորություն է բարձրաձայնելու իրենց խնդիրների մասին և որոշակի արդյունքների հասնելու համար։

Բացահայտեք համայնքի մտահոգությունները համայնքի կոցմից առաջնորդվող հետազոտության միջոցով

Որպես Համաշխարհային Շահերի պաշտպանության թիմի (GAT) մաս՝ Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն ՀԿ-ն իրականացնում է համայնքային հետազոտություն՝ հասկանալու համար հիմքում ընկած խնդիրները և երևույթները, որոնք խոչընդոտում են համայնքի զարգացմանը: Հետազոտությունն իրականացնելիս CCMS-ը սերտորեն համագործակցում է համայնքների ղեկավարների և բնակիչների հետ՝ համայնքից ընտրված մասնակիցների գլխավորությամբ համայնքի հիմնախնդիրները բացահայտելու և դրանց առաջնահերթությունը սահմանելու և սեփական իրավունքների պաշտպանության գործընթացներ նախաձեռնելու համար: CCMS թիմը պարտավորվել է աշխատել համայնքների հետ՝ նրանց կարողությունները զարգացնելու, ամրապնդելու և իրավունքները և շահերը պաշտպանելու հնարավորություններ ստեղծելու նպատակով՝ մասնակցելու համար որոշումների կայացման գործընթացներին, որոնք ազդում են նրանց կյանքի վրա:

Համայնքի կողմից առաջնորդվող հետազոտության առաջնային մեթոդոլոգիաները, որոնք կիրառվում են համայնքային աշխատանքում, ներառում են մի շարք գործիքներ, ինչպիսիք են անհատական և խմբային հանդիպումները, ֆոկուս խմբային քննարկումները, հարցազրույցները և հարցումները: Բացի այդ, տեղեկատվական աջակցություն է տրամադրվում խորհրդատվությունների և մեդիաարշավների միջոցով: Քաղաքացիական գործողությունների խթանումը բացահայտված խնդիրների լուծման համար, ինչպիսիք են շրջակա միջավայրի պահպանությունը և ճանապարհների վերանորոգումը, մեկ այլ կարևորագույն մոտեցում է: Արդյունք ստանալու համար հիմնական գործիքներից մեկը անմիջական շփումն է համայնքի անդամների հետ և թիմային ոգու զարգացումը: Սա բնակիչների մոտ առաջացնում է սեփականության զգացում՝ դարձնելով նրանց ակտիվ մասնակիցներ իրենց համայնքի վրա ազդող մարտահրավերների լուծման գործում:

CCMS-ի թիմը հանդիպել է Մարց բնակավայրի բնակիչների հետ

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ Մարցի բնակիչների համար խնդիր է հեռահաղորդակցության սակավ միջոցները և ճանապարհային ենթակառուցվածքների բացակայությունը, ինչը ազդում է հիմնական ծառայությունների և ռեսուրսների հասանելիության վրա: Օրինակ, արդյունավետ ճանապարհների և ոռոգման համակարգերի բացակայությունը մեծապես ազդել է նրանց գյուղատնտեսական գործունեության, ապրուստի, եկամուտների և շարժունակության վրա: Ըստ գյուղացիների՝ ճանապարհների վատ վիճակը ազդել է զբոսաշրջիկների հոսքի վրա, հետևաբար նաև նրանց եկամուտների վրա։

Ավելին, համայնքի կողմից առաջնորդվող հետազոտությունները ցույց են տվել, որ մաքուր և խմելու ջրի հասանելիությունը մնում է համայնքի հիմնական խնդիր: Հանդիպումներից մեկի ժամանակ գյուղացիները նշեցին, որ խմելու և ոռոգման ջրերի սակավությունը հանգեցրել է առողջական խնդիրների։ Նրանք նաև մտավախություն ունեն, որ դա բացասաբար կանդրադառնա բերքատվության և ապրուստի միջոցների պահպանության վրա։

CCMS հետազոտական թիմի անդամը հարցազրույց է անցկացնում Մարց բնակավայրի բնակիչների հետ

Իրական զարգացման ծրագրերը կարող էին լուծումներ տալ համայնքի առջև ծառացած խնդիրների և մարտահրավերների լուծման համար: Այնուամենայնիվ, զարգացման համար ռիսկեր հանդիսացող նախագծերը, ինչպիսիք են հիդրոէլեկտրակայանների շահագործումը, լուրջ հետևանքներ ունեն շրջակա միջավայրի վրա, ներառյալ ազդեցությունը կենսաբազմազանության վրա, շրջակա միջավայրի աղտոտումը և տեղական էկոհամակարգերի խաթարումը: Դա ավելացնում է նաև համայնքի բնակիչների դժվարությունները: Ավելին, տարիներ շարունակ համայնքում ոսկու հանքեր բացելու մի քանի փորձերը սպառնում են նաև էկոհամակարգին և մարդկանց։ Համայնքի կողմից ղեկավարվող հետազոտական գործընթացի ընթացքում Մարց բնակավայրի տարեց բնակիչները բարձրաձայնեցին իրենց մտահոգությունները՝ կապված հանքարդյունաբերական ընկերությունների կողմից իրենց համայնքում հանքարդյունաբերություն սկսելու մշտական փորձերի հետ: Նրանք ընդգծել են, որ հանքարդյունաբերությունը էական վտանգ է ներկայացնում իրենց առողջության համար՝ խորը մտավախություն հայտնելով իրենց երեխաների և թոռների բարեկեցության համար։ Նրանք անհանգստացած են, որ հանքարդյունաբերական գործունեությունը շրջակա միջավայրի վրա կհանգեցնի կործանարար և անդառնալի ազդեցությունների, ներառյալ հողի դեգրադացումը, կենսաբազմազանության կորուստը և տեղական ջրային աղբյուրների աղտոտումը: Հանքարդյունաբերական գործունեությունը կարող է նաև հանգեցնել մարդու մաքուր և առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքի խախտումների:

Գյուղացիներն ավելի ու ավելի են անհանգստանում, որ այս իրավիճակը հետագայում կհանգեցնի սոցիալական մեկուսացման, աղքատության սրման, շրջակա միջավայրի կործանման և տնտեսական հնարավորությունների սահմանափակման:

Առաջ գնալ քաղած դասերով

Համայնքի կողմից առաջնորդվող հետազոտությունը տրամադրում է տվյալների բազա, որն օգնում է ավելի լավ հասկանալ համայնքի խնդիրները, ինչպես նաև դրանց պատճառահետևանքային կապը: Հետազոտության գործընթացը նաև հնարավորություն է տալիս մարդկանց ներգրավվելու և ազատորեն արտահայտելու իրենց կարիքներն ու զարգացման առաջնահերթությունները: Տեղի գյուղացիների հետ շփումները ցույց են տալիս, որ մարդկանց օգնելով հանդերձ՝ CCMS-ը և հետազոտական թիմը նաև շատ բան են սովորում գյուղացիներից: Նրանք ներկայացնում են գաղափարներ, որոնք ձևավորում են խնդիրների լուծման նոր մոտեցումներ և օգնում են տեղայնացնել կիրառվող մեթոդները: Հետազոտությունն ուղղակիորեն ազդում է ինչպես համայնքի բնակիչների, այնպես էլ հետազոտական թիմի վրա՝ դրանով իսկ ուժեղացնելով գործընթացները և ընդհանուր ազդեցությունը: Բնակիչների իրազեկվածության բարձրացումը և համագործակցության խթանումը հանգեցրել են համայնքի համախմբման կարևոր խնդիրների լուծման շուրջ, ինչպիսիք են համայնքի համախմբումը հանքարդյունաբերողների դեմ պայքարում կամ ճանապարհների վերանորոգման նպատակով: Վերջերս համայնքում ավելի շատ են բնակչների իրավունքների և շահերի պաշտպանությանն ուղղված գործընթացները, և բնակիչները բազմաթիվ նախաձեռնություններով են հանդես գալիս իրենց համայնքի, զբոսաշրջության զարգացման և սեփական կանաչ բիզնեսի ստեղծման և զարգացման համար:

«Հետազոտության իրականացման ընթացքում մենք սովորեցինք, թե ինչպես վարվել կարծրատիպերի և վախերի հետ, որոնց բացակայությունը թույլ կտա մարդկանց լիարժեք ներգրավվել և մասնակցել համայնքի կողմից առաջնորդվող զարգացման գործընթացներին, ինչպես նաև ցանկանում ենք փոխանցել այս փորձը այլ համայնքներին», — ասել է Ջուլիան՝ Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն ՀԿ-ի համայնքային համախմբողը։

Զարգացման պլանավորման գործընթացի համայնքի կողմից առաջնորդվող հետազոտությունը ծառայում է համայնքի զարգացման տեսլականի և առաջնահերթությունների բացահայտմանը՝ ապահովելով այն հիմքը, որի վրա համայնքի բնակիչները կարող են կառուցել երկարաժամկետ նպատակներ և պատկերացնել իրենց ապագան:

Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն ՀԿ-ի նախագահ, էկոլոգիական իրավունքների պաշտպան Օլեգ Դուլգարյանը Հնդկաստանից բնիկ կանանց իրավունքների պաշտպան Մայալմիթ Լեպչայի և բրազիլացի ակտիվիստ Դանիել Ֆաջիանոյի հետ Թաիլանդի Չիանգ Մայ քաղաքում անցկացվող դասընթացից հետո։

Համայնքի առջև ծառացած այս մարտահրավերների լուծումը պահանջում է բազմակողմ մոտեցում, որում ներգավված կլինեն համայնքի բնակիչները, տեղական ինքնակառավարման մարմինները և այլ շահագրգիռ կողմեր: Կարևոր կլինի առաջնահերթություն տալ համայնքի կողմից առաջնորդվող լուծումներին, որոնք նպաստում են կայունությանը, արդարությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը: Համատեղ աշխատանքով համայնքը կարող է կառուցել ավելի պայծառ ապագա իր բոլոր բնակիչների համար և պաշտպանել բնական միջավայրը ապագա սերունդների համար:

Այս հոդվածը մի շարքի մի մասն է, որը ներկայացնում է 8 երկրների 8 համայնքային կազմակերպողների պատմություններ, որոնք Միջազգային Հաշվետվողականության Նախագծի՝ IAP-ի Գլոբալ շահերի պաշտպանության թիմի մաս են կազմում: Գլոբալ շահերի պաշտպանության թիմ նախաձեռնությունը համախմբում է կարկառուն համայնքային կազմակերպողներին ամբողջ աշխարհից՝ իրականացնելու համայնքի կողմից ղեկավարվող հետազոտություն և մոբիլիզացնելու իրենց համայնքները՝ փոխելու համար նրանց զարգացման տեսլականը, ֆինանսավորումը և իրականացումը: Իմացեք ավելին Համաշխարհային շահերի պաշտպանության թիմի մասին, որը կենտրոնացած է համայնքի կողմից ղեկավարվող զարգացման պլանավորման վրա:

--

--

International Accountability Project (IAP)
International Accountability Project (IAP)

Written by International Accountability Project (IAP)

IAP is a human and environmental rights organization that works with communities, civil society and social movements to change how today’s development is done.

No responses yet